Նոյեմբերի 27-ին` Բրյուսելի Արևելյան գործընկերության 5-րդ համաժողովից 3 օր անց, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասուլիս հրավիրեց, ինչպես և ակնկալվում էր: «ԵՄ-ՀՀ համաձայնագիրը նոր դռներ է բացում։ Այժմ մենք կենտրոնացած աշխատում ենք, որ համաձայնագիրը լավագույնս կյանքի կոչվի»` ասաց ԵՄ պատվիրակության ղեկավարը: Դեսպանի խոսքով՝ համաձայնագիրը պետք է տեսանելի լինի շարքային հայաստանցուն։ «Սա անում ենք շարքային հայաստանցու համար։ Ճիշտ է, դիվանագետներն են բանակցել փաստաթուղթը, բայց քաղաքացիների համար է»,- ասաց Պյոտր Սվիտալսկին։
Նա հարկ համարեց հիշեցնել, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրում ոչ մի կախարդական փայտիկ չկա, իրականությունը չի փոխվում մի գիշերում: «Բայց ես կարծում եմ, որ այն առաջընթաց կգրանցի բոլոր այն տեղերում, որտեղ հարցականներ կան»,- ասաց Սվիտալսկին։ Դեսպանի կարծիքով` երբ իրագործվի համաձայնագիրը, կարող է ծառայել որպես իրավունքների ավելի լավ պահպանման գործիք, կարող է հանգեցնել ավելի ժողովրդավարական գործընթացների, ամրապնդել օրենքի գերակայությունը և կառավարման այլ ոլորտները։ ԵՄ-ն պատրաստ է կիսվել Հայաստանի հետ իր լավագույն փորձառությամբ լավ կառավարման ոլորտում: Համաձայնագիրը կարող է տնտեսական օգուտներ բերել. «Մենք վստահ ենք, որ այս համաձայնագիրը պարունակում է նոր տարրեր, դա WTO ռեժիմն է։ Այս տարրերը կարող են ոգևորել եվրոպական բիզնեսմեններին, որ ներդրումներ կատարեն Հայաստանում, կարող են ոգևորել ձեր ընկերություններին, որ ավելի շատ առևտուր անեն ԵՄ-ի հետ, որովհետև նրանք երաշխիքներ կունենան, որ ժամանակակից արևմտյան բիզնեսի ստանդարտները կկիրառվեն Հայաստանում, ինչը, իմ կարծիքով, չափազանց կարևոր է, այնպես որ հույս ունենք, որ այս համաձայնագիրը նման տարրեր կպարունակի»։ Պյոտր Սվիտալսկին կարծում է, որ համաձայնագիրը մյուս երկրների համար ևս շահեկան կարող է լինել։ «Այս համաձայնագիրը որևէ երրորդ կողմի ուղղված չէ, ավելին, այս համաձայնագրի որոշ տարրեր Հայաստանի մյուս գործընկերների համար էլ շահավետ կլինեն։ Որովհետև այս համաձայնագիրը շատ բաց է իր փիլիսոփայության մեջ, ԵՄ-ն ոչ մի եսասիրական նպատակ չի հետապնդում։ Մենք չենք ուզում մոնոպոլացնել այդ օգուտները»,- ասաց Պյոտր Սվիտալսկին՝ եզրափակելով՝ դուք կարող եք մեզ վրա հույս դնել:
Ո՞ր մեխանիզմներով է ԵՄ-ն փորձելու վերահսկել պարտավորությունների կատարմանը և ի՞նչ կլինի, եթե չկատարվեն, կամ թերի կատարվեն հարցին Պյոտր Սվիտալսկին պատասխանեց. «Համաձայնագիրը համագործակցային բնույթի է, սա նշանակում է, որ մեր համատեղ ջանքերի ու պարտականությունների մասին է, երկուսն էլ հանձնառություն են վերցրել՝ ինտենսիվացնել հարաբերությունները, այստեղ տարբեր ոլորտների մասին խոսք կա, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, դեմոկրատիայի, և սա շատ կարևոր է, որովհետև այսպես մենք միատեղում ենք մեր ջանքերը։ Եվրամիությունը քաջալերում է, աջակցում է, բայց երբեք չի պարտադրում։ Այնպես որ, վստահ ենք, որ լավ ոգով կկատարվեն այդ հանձնարարականները։ Հարկ չեմ համարում խոսել ձախողումների մասին այս պահին, որովհետև շատ լավատես եմ, որ այս համաձայնագիրը նոր որակ կբերի մեր հարաբերություններին, նաև շատ լավատես եմ իրագործման առումով»։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի վերջո, 2013 թվականի սեպտեմբերին ո՞ր կողմը հրաժարվեց ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումից: «Իրո՞ք դա այդքան կարևոր է։ Եկեք ապագային նայենք։ Չեմ կարծում, որ ժամանակն է անցյալին նայելու և կրկնելու բոլոր զգացումները, որ կային 2013-ին»,- ասաց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Իրոք, արժի՞ հետ նայել, մանավանդ այնտեղ ԵԱՏՄ-ն է: